Արդեն գրել ենք, որ Համաշխարհային բանկ-ՀՀ կառավարություն` 98-ից այս կողմ շարունակվող քաղցր-մեղցր հարաբերություններում, կարծես թե, սառնություն է նկատվում: Այլ խոսքով, ՀՀ կառավարությունից մշտապես գոհ ՀԲ երևանյան գրասենյակն այս անգամ, կարծես թե, սկսել է ակնհայտ «սխալներ և բացթողումներ նկատել», որոնց մասին բավականին չոր տոնով է խոսում:
Ի դեպ, գրել ենք նաև այն մասին, որ ՀԲ երևանյան գրասենյակի` հասարակության հետ կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը համաձայն չէր մեր վերոնշյալ տեսակետին և պնդում էր, թե ՀԲ-ն երբեք ոչ մի բան չի թաքցրել հասարակությունից, որ մշտապես կառավարությանը հայտնել է նրա բացթողումների և սխալների մասին, բայց և հաշվի է առել օբյեկտիվ դժվարություններն ու մշտապես ջանացել է առաջ գնալ համագործակցության, ոչ թե հակադրության ճանապարհով: Բառացի մեջբերում չէր ասվածը, իհարկե, բայց ընդհանուր առմամբ իմաստը դա էր:
Վերջերս այս գրասենյակում հրավիրված ասուլիսը, սակայն, եկավ ապացուցելու, որ ՀԲ-ՀՀ կառավարություն «սառնության մասին» մեր կասկածները եթե չափազանցված էլ էին, գոնե անտեղի չէին: Իսկապես, առաջին անգամ այս կառույցի տնտեսագետը, տվյալ դեպքում` Աղասի Մկրտչյանը, շատ ուղիղ խոսեց այն մասին, որ Հայաստանում իրական տնտեսական աճ ուղղակի գոյություն չունի: «Այո, առաջին հայացքից երկրում տնտեսական աճի տեմպերը շարունակում են բարձր լինել, բայց, միևնույն ժամանակ, առկա են մակրոտնտեսական ռիսկեր, որոնք 2008 թվականի առաջին ամիսներին ուժեղացան, իսկ ամենահիմնական ռիսկը դարձավ գների բարձրացումը»,- հայտարարեց Մկրտչյանը` միաժամանակ բացատրելով չեղած տնտեսական աճի ինչ լինելը: Դա ներկրումն է և ՀՆԱ-ում 15-տոկոսանոց շինարարությունը, բացատրեց ՀԲ ներկայացուցիչը` այս երկու հանգամանքը (բերանս էլ չի բացվում ասելու՝ ոլորտ կամ ճյուղ, որովհետև էլիտար շենքի կառուցումը կամ մենաշնորհայնացված շաքարը՝ ի՞նչ տնտեսական ճյուղ) համարելով «հայկական տնտեսության միակ շարժիչ ուժը»: Այլ խոսքով, այն «հսկայական ձեռքբերումները», որոնցով այդքա՜ն հպարտացել էր դրանց «տերուտիրական-հեղինակ» Քոչարյանը` «Մեդիամաքսին» տված իր հարցազրույցում…
Ավելին` մարդը շատ հստակ նշել էր, որ փոխարենն արտադրության աճ ուղղակի չկա, և, փաստորեն, ձեռառնելիք էր այն հանգամանքը, որ ներկրման ու էլիտարների հաշվին մենք դեռևս 13,7 տոկոս «տնտեսական աճ» ունենք երկրում: Ցուցանիշ, որ տարվա վերջին, ՀԲ-ի կարծիքով, հաստատ կկրճատվի, եթե մակրոտնտեսական ռիսկերը շարունակեն նույն ձևով ճնշել մեզ…
Թերևս այս հանգամանքը ծանր էր նստել կառավարության սրտին, և շտապ կարգով հարկ էր եղել «ռանգով ավելի բարձր» մեկի կողմից չեզոքացնել այն ծանր տպավորությունը, որ ստացել էինք ասուլիսից: Եվ խնդրեմ` «Համաշխարհային բանկը գոհ է Հայաստանում իրականացվող իր ծրագրերից»,- դեռևս հուլիսին հայտարարել էր ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման սեկտորի տնօրեն Պիտեր Թոմսոնը: Հիշեցնելով, որ ՀԲ-ն իր գործը Հայաստանում սկսել է էներգետիկայի ոլորտից (այս դեպքում, ուրեմն, ստացվում է, որ Թոմսոնը հակառակը պիտի ասեր, որովհետև ՀԲ-ն իրեն պատռեց գոռալով, թե դեմ է բաշխիչ ցանցերի, ՀՀ էներգետիկ հզորությունների` առկա պայմաններով ռուսներին տալու գաղափարին, բայց եղավ այն, ինչին նրանք դեմ էին), Թոմսոնը նշել է, թե լուրջ ծրագրեր են իրականացրել հատկապես գյուղատնտեսության ոլորտում և այլուր, նաև հավելելով, թե հանդիպումներ է ունեցել կառավարության հետ` քննարկելու ՀԲ ապագա ծրագրերը Երևանում: «Դրանք այս պահին քննարկվում են, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն որոշում կընդունվի կոնկրետ ոլորտների վերաբերյալ, որտեղ մենք ՀԲ ծրագրերը կիրականացնենք առաջիկա 4 տարվա համար»,- հայտարարել էր Թոմսոնը:
Իհարկե, դուք կարող եք ասել, որ «գոհ լինելու» թեմայով արված այս հայտարարությունն ավելի շուտ զուգադիպություն էր, քան ծրագրված քայլ, որովհետև, այսպես թե այնպես, Թոմսոնը պիտի ժամաներ Երևան և առաջիկա 4 տարիների համար նախատեսված ծրագրերը քննարկեր կառավարության հետ (ի դեպ, եթե հիշում եք, նույն Սարգսյանը մեզ տված բլից հարցազրույցում նկատել էր, որ, ամեն դեպքում, սոցիալական ծրագրերը կնվազեն, իսկ տրվող վարկերն այլևս արտոնյալ չեն լինի և բարձր տոկոսադրույքներ կունենան)։ Բայց այստեղ մի նրբություն կա: Խնդիրն այն է, որ որոշ տեղեկությունների համաձայն, դեռ 97-ից, այսինքն` Քոչարյանի վարչապետության տարիներից սկսած, թե՛ այս կառույցը, թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամը շատ կոնկրետ քաղաքական պատճառներով աջակցեցին Քոչարյանին (խոսվում է նաև, թե` պալատական հեղաշրջմանը) ու նրա կառավարությանը` աչք փակելով շատ ու շատ բաների վրա, և հիմա, երբ տեսան, որ չարաչար խաբված են, այսինքն` լուծված չեն կամ մասամբ են լուծված այն հարցերը, ինչի համար իրենք ջանացել էին, սկսել են խաղեր տալ: Հանգամանք, ինչին կառավարությունը շատ խիստ է հակադարձում և, խոստովանենք, իրավունք ունի: Ընթերցողը, անշուշտ, հիշում է ՀԲ զեկույցի վերաբերյալ կառավարությունից դուրս եկած այն տեղեկատվական արտահոսքը, ըստ որի` «էնպիսի բաներ են գրել զեկույցում, որ անգամ իրենք իրենց արած գործն են ջուրը գցել»…
Մի խոսքով, գուցե մեր եզրակացությունը զերծ չէ չափազանցությունից, բայց ակնհայտ է, որ ՀԲ-ն ՀՀ կառավարության հետ նոր խաղերի փուլ է մտել, և երկուստեք նորից կամենում են «համ կույս մնալ, համ հաճույք ստանալ»: Ինչքանով կհաջողվի՝ ցույց կտա ապագան: Ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց` «չի բացառվում, որ հերթական այս խստության ցուցադրումը մեզ հիմարացնելու կամ իշխանություններից ինչ-ինչ զիջումներ կորզելու ստվերային ձև լինի, ինչին մենք տեղեկանում ենք «առաջիկա 4 տարիների ծրագրերը քննարկվում են» ձևակերպման մակարդակում»։
Ի դեպ, հիշեցնենք, որ 1992-ից սկսած` ՀԲ-ն շուրջ 52 վարկային ծրագիր է իրականացրել մեր երկրում, ինչի համար տրամադրել է մոտ 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար: Հետաքրքիր է, եթե ռեալ-երևացող գործը ի մի բերենք, այս գումարի քանի՞ տոկոսն է, որ մենք ու մեր զավակները պիտի փակենք։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ